Հայկական գինիներն արդեն հասանելի են առցանց տիրույթում
- Հեղինակ՝ Անի Մեժլումյան
- Թարգմանիչ՝ Հայկ Խեմչյան
- 21 Ապրիլ, 2022
Հայկական գինիների առցանց վաճառքի առաջին հարթակներից մեկը հիմնվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:
Մարդիկ կարող են ձեռք բերել 21 ընկերության արտադրության 56 տեսակի գինի: Բացի այդ, հաճախորդներին ընձեռվել է բացառապես մասնագիտացված, այդ թվում՝ Երևանում գործող սրճարաններում, ռեստորաններում և խանութներում վաճառվող գինիներ գնելու յուրօրինակ հնարավորություն:
Վաճառվող գինիներն ընտրվել են կույր համտեսի միջոցով՝ զգայարաններով օբյեկտիվորեն գնահատելով գինու զանազան նմուշներ: Հարթակը նաև մանրամասն տեղեկություններ է տրամադրում գինեգործի և արտադրանքի մասին: Կայքը հասանելի է երեք լեզվով՝ անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն, իսկ ռուսերեն տարբերակը կմեկնարկի այս տարվա երկրորդ եռամսյակում:
հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով, կայքէջը յուրահատուկ է նրանով, որ այն ծավալուն տեղեկատվություն է տրամադրում հայկական գինեգործության ժառանգության, խաղողի տեսակների և գինեգործական շրջանների մասին: «Նորությունների բաժինը եվրոպացի գնորդին կտեղեկացնի Հայաստանի գինու արդյունաբերության ոլորտում սպասվող իրադարձությունների և նվաճումների մասին», - ասում է Մուրադյանը:
Հայաստանն ունի գինու խոստումնալից արդյունաբերություն: Թեև սահմանափակ ռեսուրսներ և արտադրանք ունեցող փոքր բիզնեսների համար դժվար է նվաճել միջազգային շուկաները, կայքէջն ուղի է հարթում դրա համար:
Տեղի հայկական ընկերությունները, որոնք արտադրում են բարձրորակ գինիներ՝ անկախ արտադրության ծավալներից, կկարողանան իրենց արտադրանքը մատչելի և մրցունակ գնով վաճառել անմիջապես Եվրոպայում, ըստ GIZ-ի՝ «Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում և տեխնիկական արհեստագործական կրթություն և վերապատրաստում» ծրագրի փորձագետ Սիրվարդ Ամատունու:
Բեռլինում նոր բացված պահեստային լոգիստիկ կենտրոնը հայ գինեգործների համար հեշտացրել է մասնակցությունը ԵՄ տարածքում անցկացվող ցուցադրություններին և համտեսներին: Բացի այդ, հաճախորդները կարող են հաճախորդների սպասարկման կենտրոնի օգնությամբ հեռախոսով հարցեր ուղղել և պատվերներ կատարել:
-
09 Մայիս, 2022
-
21 Ապրիլ, 2022
-
21 Ապրիլ, 2022
-
21 Ապրիլ, 2022